Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Իմ ողջ ներուժն օտագործելու եմ, որպեսզի Հայաստանը դառնա հզոր և զարգացած երկիր. Քաջիկ Գևորգյան
30.11.18 14:34
Իմ ողջ ներուժն օտագործելու եմ, որպեսզի Հայաստանը դառնա հզոր և զարգացած երկիր. Քաջիկ Գևորգյան

Դեկտեմբերի 9-ին տեղին կունենա Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի 11 ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:

Slaq.am-ի զրուցակիցն է Արմավիրի մարզի թիվ 6 ընտրատարածքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Քաջիկ Գևորգյանը:

-Պարո՛ն Գևորգյան, Դեկտեմբերի 9-ին կկայանա Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, ԲՀԿ առաջադրել է Ձեր թեկնածությունը, հետաքրքիր է` ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այս ընտրություններին և առաջադրվել հատկապես ԲՀԿ ցուցակով:

- Իմ ամբողջ գիտակից կյանքում ես տեսել եմ, թե հայրս ինչպես է մեծ նվիրումով աշխատել հանուն իր ժողովրդի և հայրենիքի բարեկեցության. նա 20 տարուց ավել եղել է ԱԺ պատգամավոր: Որոշեցի շարունակել նրա արժանապատիվ աշխատանքը և իմ հնարավորությունների սահմաններում աջակցել մեր ժողովրդին:
Չնայած այն հանգամանքին, որ հայրս երկար տարիներ եղել է ՀՀԿ անդամ, ես առաջադրվել եմ ԲՀԿ ցուցակով:
Ես ընտրել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, քանի որ կուսակցության գաղափարախոսությունն ու առաջիկա տարիների տեսլականն ինձ շատ հոգեհարազատ է և կարծում եմ, որ ԲՀԿ կարող է ժողովրդի սպասելիքներն արդարացնել, քանի որ կուսակցության խոսքը գործ է:

- Որո՞նք են այսօր Արմավիրի մարզի առջև ծառացած ամենացավոտ խնդիրները, և ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել ընտրվելուց հետո:

-Արմավիրի մարզում առաջնահերթ խնդիրները կապված է գյուղատնտեսական ոլորտի հետ:
Ոռոգման համակարգը գտնվում է քայքայված վիճակում, մարդիկ չեն կարողանում ջրել իրենց հողատարածքները: Գյուղացին չի կարողանում հողից բերք ստանա, որպեսզի ապահովի իր եկամուտը: Լավ չեն աշխատում հակակարկտային կայանները, որն իր հերթին ևս մեծ խնդիր է առաջացնում:
Առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների և դպրոցների անմխիթար վիճակը. ունենք կրթօջախներ որ նույնիսկ չեն գործում:
Շատ կարևոր խնդիր է նաև աշխատատեղերի բացակայությունը, եթե նախկինում կային գործարաններ, որտեղ մարդիկ աշխատում էին և ինչ-որ չափով լուծում իրենց սոցիալական խնդիրները, այսօր այդ գործարանները կիսաքանդ վիճակում են և չեն գործում:
Ընտրվելու պարագայում փորձելու եմ վերոնշյալ բոլոր խնդիրները կարգավորել, զարկ տալ ներդրումային ծրագրերին, որպեսզի մարզը սկսի օր օրի զարգացում ապրել:
Յուրաքանչյուր քայլ ձեռնարկելու եմ, որպեսզի ինձ վստահող մարդիկ երբեք չհիասթափվեն` սրանք զուտ նախընտրական խոստումներ չեն:

-Մասնագիտությամբ տնտեսագետ եք, ըստ Ձեզ` ի՞նչ մեթոդներ պետք է կիրառվեն, որպեսզի Հայաստանում տնտեսությունը զարգանա:

-Որպեսզի Հայաստանում տնտեսությունը զարգանա, պետք է բոլոր տնտեսվարողների համար հստակ և հավասար պայմաններ ստեղծվեն, մանր և միջին բիզնեսին պետք է տրվի արտոնություններ: Այս գործոնների շնորհիվ, իմ կարծիքով, կունենանք տնտեսության զարգացում և կստեղծվեն աշխատատեղեր:

-Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ:

- «Հավատա՛, վստահի՛ր և պահանջի՛ր», սա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարգախոսն է, որն ինձ շատ հոգեհարազատ է և ես իմ քարոզարշավի ընթացքում առաջնորդվելու եմ հենց այդ կարգախոսով:

-Պարո՛ն Գևորգյան, արդեն քարոզարշավի չորրորդ օրն է , հետաքրքիր է` ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրվածությունը, ի՞նչ սպասելիքներ ունեն այս ընտրությունից:

-Քարոզարշավը սկսել եմ իմ հայրենի Սարդարապատ գյուղից, այս ընթացքում փորձել եմ հնարավորինս շատ համայնքներ այցելել՝ հասկանալու ժողովրդի տրամադրվածությունը և տեսնել առկա խնդիրները:
Գիտեք, մարդկանց մոտ հույս է առաջացել ապագայի նկատմամբ: Ես` որպես երիտասարդ, իմ ողջ ներուժն օգտագործելու եմ, որպեսզի Հայաստանը դառնա հզոր և զարգացած երկիր:

-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքական գործիչը:

-Նախ և առաջ, քաղաքական գործիչը պետք է լինի ժողովրդավար, հայրենասեր ունենա գիտելիքների մեծ պաշար և պատրաստ լինի նոր գաղափարներով խթանել մեր երկրի հզորացմանը:

-Ո՞ր արժեքներ են կյանքում Ձեզ համար անփոխարինելի:


- Ընտանիք, հայրենիք, կրոն. սրանք այն արժեքներն են, որոնք ամենակարևորն են ինձ համար:


-Եվ վերջում` Ձեր ուղերձը ընտրողներին:


-Արմավիրի մարզի հարգելի քաղաքացիներ, ակտիվ մասնակցեք ընտրություններին և ձեր ձայնը տվեք այն մարդուն, ում վստահում եք և ով արժանի է ձեր վստահության քվեին:

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One