Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Ամերիկայի հայկական համագումարը ամփոփեց տարին
15.11.18 10:05
Ամերիկայի հայկական համագումարը ամփոփեց տարին

Վաշինգտոնում  տեղի ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի տարեկան միջոցառումը, որտեղ կազմակերպությունը իր անդամներին ներկայացրեց կազմակերպության հետագա ծրագրերն ու անցնող տարվա հաշվետվությունը:

Յուրաքանչյուր տարվա ավարտին ամերիկահայ կազմակերպությունները ամփոփում են անցնող տարվա գործունեությունն ու հաշվետվություն տալիս իրենց անդամներին կատարած աշխատանքի վերաբերյալ: Օրերս Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի տարեկան ամփոփիչ միջոցառումը:

«Դրական արդյունքներով ենք ամփոփում տարին: Պատրաստ ենք հաջորդ տարի նոր ջանքեր գործադրել հաջողությունները կրկնապատկելու համար: Անցնող տարվա ձեռքբերումներից էր մեր ձեռնարկած քարոզչական համաժողովը, որի շրջանակներում անցկացվեցին բազմաթիվ հանդիպումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում, արդյունքում այս տարի, ավելի մեծ թվով կոնգրեսականներ միացան Հայոց ցեղասպանության բանաձևի աջակցմանը»,- նշեց համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հրավիրված բանախոսների շարքում էր ԱՄՆ-ի մի քանի նախկին վարչակազմերի աշխատակից Արամ Բախշյանը, ով խոսեց հայկական սփյուռքի մարտահրավերների և հայապահպանության խնդիրների մասին: Հայկական սփյուռքը տարանջատելով երեք հիմնական սերունդների՝ Բախշյանն ընդգծեց սփյուռքահայ կառույցների կարևորությունը հայապահպանության հարցում:

«Կարծում եմ այստեղ ներկաներիս հիմնական առաքելությունը պետք է կայանա հաջորդ սերունդներին արժեքների փոխանցման մեջ: Կարևոր է փոխանցել ոչ միայն գոյության պահպանման պայքարի մասին հիշողություններ, այլև հաջողություն պատմություններ»,- ասում է Բախշյանը:

Երկար տարիների Ամերիկայի հայկական համագումարի անդամ և աջակից Գոհար Անտոնյանն էլ հիշում է, որ իր հայկական ծագման մասին մշտապես լսել է իր ծնողներից: Նա երկար տարիներ կամավոր գործունեություն է ծավալել ի նպաստ համագումարի։ Միջոցառման ընթացքում Անտոնյանն ու այլ կամավոր աջակիցներ ստացան պարգևատրումներ:

«Մինչև կյանքիս վերջ կաջակցեմ Ամերիկայի հայկական համագումարին: Նրանք մեր ձայնը լսելի են դարձնում ԱՄՆ-ի Կոնգրեսում ու այլուր»,- ասում է Անտոնյանը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին միջոցառմանը ներկայացրեց անցնող տարվա ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքներն ի նպաստ Հայաստանի ու ամերիկահայության, ինչպես նաև ներկայացրեց հետագա ծրագրերը:

«Մենք կշարունակենք մեր աշխատանքները, մասնավորապես Հայկական հանձնախմբի ընդլայնման, մեր կազմակերպության դիրքերի ուժեղացման ուղղությամբ՝ վստահ լինելու համար, որ մեր ձայնը լսելի է ԱՄՆ-ի Կոնգրեսում»,- ասում է Արդունին:

Իր հերթին կազմակերպության խորհրդի անդամ Անի Թոթան կոչ արեց օժանդակություն ցուցաբերել կազմակերպությանը, որի շնորհիվ հնարավոր հնարավոր է ավելի արդյունավետ պաշտպանել Հայաստանի ու ամերիկահայության շահերը Վաշինգտոնում:

Տարեկան այս միջոցառումն այս տարի նվիրված էր հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակին: Այս շրջանակում միջոցառմանը հնչեցին Ազնավուրի գործերը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One