Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.09 AMD
EUR =554.26 AMD
Ովքեր և ինչ ֆորս-մաժոր են պլանավորում մեկ-երկու տարի անց:
08.11.18 01:05
Ովքեր և ինչ ֆորս-մաժոր են պլանավորում մեկ-երկու տարի անց:
Խորհրդարանի ընտրությանն ընդառաջ՝ բավականին հաճախակիացել են դիտարկումները, թե նոր խորհրդարանը կլինի ժամանակավոր: Այդ կապակցությամբ հնչում են տարբեր ժամկետներ, սակայն ժամանակավորության մասին խոսում են տարբեր կողմերից, այդ թվում թե՛ նախկին իշխանությունից՝ մինչև անգամ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, թե՛ նաև փորձագիտական հանրույթից: Ժամանակավորության «կանխատեսումների» հիմքն այն է, որ դեկտեմբերին ընտրությունը լինելու է հեղափոխական տրամադրությամբ, և գերակշռող մեծամասնություն է ստանալու Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, սակայն հետո արդեն տրամադրությունները աստիճանաբար փոխվելու են, և ստեղծվելու է մի վիճակ, երբ հանրության մի ստվար մաս այլևս չի աջակցելու նոր խորհրդարանի մեծամասնությանը: Հարց է ծագում՝ արդյո՞ք դա պետք է լինի խորհրդարանի արտահերթ ընտրության հիմք: Ի վերջո, աշխարհի մի շարք երկրներում ընտրվում են խորհրդարան, նախագահներ, որոնք ընտրության պահին ունեն բարձր վարկանիշ, իսկ հետո այն սկսում է նվազել, հասնում նույնիսկ պատմական մինիմումների, բայց դրանք չեն բերում արտահերթ ընտրության: Այլ հարց է, իհարկե, երբ առաջանում են այնպիսի հասարակական, պետական խնդիրներ, որոնց պարագայում գերակշռող մեծամասնություն չունեցող ուժերը պետք է հնարավորինս արագ հեռանան իշխանությունից, բայց ինքնին այն, որ ընտրություն հաղթած ուժի վարկանիշը, ասենք, 70-ից կհասնի 50-ի, բոլորովին հիմք չէ խոսելու արտահերթ ընտրության մասին: Ի վերջո, պետական կառավարումը ժամանակ պահանջող խնդիր է, և եթե խոսքը կառավարման և քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ է, ապա որևէ կերպ չի կարող շոշափվել վարկանիշի նվազմանը զուգահեռ արտահերթ ընտրության թեմա: Առավել ևս այն դեպքում, երբ այդ ընթացքում դաշտում չի լինի որևէ ուժ, որն իրենից կներկայացնի որակապես այլ միավոր, և քաղաքացիները դարձյալ պետք է ընտրեն փլատակների միջև՝ նախկին համակարգից մնացած քաղաքական փլատակների և վարկանիշը կորցրած հեղափոխության, եթե մենք դիտարկում ենք այդպիսի ենթադրական սցենար կամ զարգացում: Ի վերջո, պետության զարգացման տեսանկյունից ոչ միայն հակատրամաբանական, այլ նաև վտանգավոր է ընտրական ցիկլերի միջև վարկանիշային տատանումներն ու վերափոխումները դիտարկել արտահերթ ընտրության հիմք, եթե դրանք ինքնին չեն բերել ֆորս-մաժորային իրավիճակի: Այդ դեպքում ֆորս-մաժորային իրավիճակ կստեղծի արտահերթ ընտրության նախաձեռնությունը կամ օրակարգը: Այդ համատեքստում էլ առաջանում է մեկ այլ հարց՝ արդյոք որևէ մեկը պլանավորո՞ւմ է մեկ կամ երկու տարի անց Հայաստանում անել այդպիսի փորձ, առաջացնել ֆորս-մաժոր, թե՞ այստեղ խոսք չկա միջնաժամկետ որևէ պլանավորման մասին, և կա ընդամենը որոշակի հուսահատության դրսևորում՝ կարճաժամկետ էֆեկտի ակնկալիքով: Թավշյա հեղափոխությունից հետո դա արտահայտվում էր տարածվող խոսակցություններով, թե ամեն ինչ ժամանակավոր է և մի քանի ամիս հետո կվերադառնա ի շրջանս յուր: Չվերադարձավ, այլ նույնիսկ սպասվածից արագ օրակարգ մտավ արտահերթ ընտրության հարցը: Եվ այժմ գուցե չունենալով այլ երկարաժամկետ հեռանկար՝ նախորդ համակարգը փորձում է հանրությանը ներշնչել խորհրդարանի ժամանակավորության միտքը:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One