Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.09 AMD
EUR =554.26 AMD
ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվը կարող է կրկնապատկվել
06.11.18 13:56
ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվը կարող է կրկնապատկվել

«Քանի որ հայկական արմատներ ունեմ, ակնկալում եմ Վաշինգտոնում բարձրացնել նաեւ հայ ժողովրդի ձայնը», - Էնթոնի Բրինդիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի չորս ամերիկահայ թեկնածուներից մեկն է: Վերին Նյու Յորք նահանգը, որտեղից առաջադրվել է Բրինդիսին, աշխատավոր մարդկանց եւ Իջեւանի բնությունը հիշեցնող երկիր է, որտեղ բացակայում է Նյու Յորք քաղաքի խելահեղ արագությունը: Այստեղ մարդիկ գնահատում են միասնական աշխատանքն ու մտահոգված են առողջապահության, նվազագույն աշխատավարձի բարձրացման եւ աշխատավորական միությունների խնդիրներով, պատմում է Սամանթա Դերիսոփը: Հենց այդպիսի թեկնածու է Էնթոնի Բրինդիսին, ավելացնում է նա. «Ես մեկն եմ, ով միշտ փորձում է միավորել մարդկանց հանուն ընդհանուր խնդիրների կարգավորման»: Բրինդիսիի մասին ասում են, որ նա գործիչ է, ով կարողանում է միավորել թե՛ կուսակից դեմոկրատ եւ թե՛ հանրապետական գործիչներին: Վեթ Քասթելլոյի խոսքով, նրան աջակցում են աշխատավոր մարդիկ. «Նա հասկանում է աշխատավորներին, նա մեր ընկերն է եղել եւ մեր թիկունքին կանգնել տարիներ շարունակ: Այսօր նա արժանի է մեր աջակցությանը եւ նա կստանա այն»: Իր հայկական արմատները Էնթոնի Բրինդիսին համարում է իր անցյալի կարեւոր մասը: «Նախնիներս ծնվել են Եդեսիայում, Ցեղասպանության ընթացքում փախել, ապաստան գտել Սիրիայում: Հենց այնտեղ, Հալեպում էլ ծնվել է տատիկս»: Սիրիայից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ՝ նոր կյանք սկսելու ակնկալիքով. «Հենց դա է «ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այստեղ են ժամանում արտերկրից՝ աշխատելու ու ընտանիք ստեղծելու նպատակով եւ հաջողության են հասնում: Ես կանեմ ամեն ինչ, որ մենք մնանք երկիր, որը ողջունում է ներգաղթյալներին»: Հաղթանակի դեպքում Էնթոնի Բրինդիսին մտադիր է սերտ համագործակցել հայ համայնքի հետ՝ հայ-ամերիկյան օրակարգի հարցերն առաջ տանելու նպատակով. «Կփորձեմ անել ամեն ինչ Վաշինգտոնում՝ Ցեղասպանության ճանաչման համար, եւ արդեն իսկ հանդիպել եմ հայկական արմատներ ունեցող մի շարք կոնգրեսականների, որոնց հետ միասին պատրաստ եմ աշխատել՝ հայերի համար կարեւոր հարցերի շուրջ»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One