Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.09 AMD
EUR =554.26 AMD
Բիզնեսմեն, համատիրության ղեկավար. ո՞վ է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը
04.11.18 22:18
Բիզնեսմեն, համատիրության ղեկավար. ո՞վ է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը

Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո՝ քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի մի շարք վարչական շրջաններում նոր ղեկավարներ է նշանակել։ Պետք է նկատել, որ գրեթե բոլոր նշանակվածները հանրությանն անհայտ դեմքեր են և նրանց պետք է նոր-նոր բացահայտել:

 ԼՈՒՐԵՐ․com-ը բացահայտում է նորանշանակ ղեկավարներին՝ զրուցելով վարչական շրջանների խնդիրների, դրանց լուծման տարբերակների, նրանց կադրային քաղաքականության և այլ հարցերի շուրջ։ Առաջինը՝ մեր թղթակիցը զրուցել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հետ։

 

-Պարո՛ն Դանիելյան, նախքան Արաբկիր վարչական շրջանի ղեկավար լինելը՝ ի՞նչ գործունեությամբ եք զբաղվել։

-Նախկինում եղել եմ տնտեսվարող, զբաղվել եմ ձեռներեցությամբ։ Ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ իմ ծննդավայր՝ Վայք, որտեղ նախաձեռնել եմ իմ առաջին գործը՝ արտաքին գովազդի մեծ վահանակների տեղադրումը։  Երևանում ևս բիզնեսով զբաղվեցի, կռիվ տվեցի պետական օղակների հետ, մասնավորապես, սպասարկման մասով, քանի որ արժեք ստեղծող տնտեսվարողից իրենք իրենց վեր էին դասում։ Եվ ինչպես ասում են՝ շատ մի ասա գլխիդ կգա։ Հիմա մյուս կողմից բացը տեսնելուց քննադատելուց հետո, հնարավորություն է տրվել հասկանալու փոխելո՞ւ եմ, թե դառնալո՞ւ եմ նախկինների նման։ 

- Համատիրության ղեկավարից միանգամից վարչական շրջանի ղեկավար թռիչքային վերելք եք ապրել, պատրա՞ստ եք մի ամբողջ վարչական շրջան ղեկավարել:

-Ես ինքս ինձ ամենաշատն իրացրել եմ համատիրության կառավարիչ լինելու ժամանակ։ Պատասխանատվությունները վարչական շրջանի ղեկավարի շատ են, աշխատանքը բազմաբնույթ և շատ մեծ ծավալի։ Դրան մինչ այս ամենի մեջ անցնելը ես տիրապետում էի 30-40 տոկոսով,  բայց ներսում հասկանում ես ինչ ծավալի աշխատանքեր են պահանջում։ Իմ պատկերացումը հետևյալն է, որ պետք է աշխատանքը բանաձևել, որով աշխատանքի ծավալը դառնում է կառավարելի։ Ֆիզիկապես հնարավոր չէ յուրաքնչյուր բակի խնդիրն իմանալ, բայց եթե բանաձևում առկա քո թիմն ունենում է իր բանաձևը, այդ պատկերով մենք ունենում ենք աշխատանքային գործընթաց։ 

 

-Հեղափոխությունից հետո նոր իշխանության առաջին քայլը տրամաբանորեն կոռուպցիոն բացահայտումներն են։ Այս մասով Դուք ինչքանո՞վ եք ծանոթ վարչական շրջանի նախկին ղեկավարի գործունեությանը։

-Երեքից հինգ օրն այն ժամանակահատվածը չէ, որ ես կարողանամ իրական և օբյեկտիվ գնահատական հնչեցնել, այն էլ այս ծավալի և բազմաբնույթ ֆունկցիաներ իրականցնող պաշտոնյայի արած աշխատանքների մասով։ Բայց հասցրել եմ կարճ ժամանակում նկատել՝ Արաբկիրը որոշակի ցուցանիշներով բարենպաստ դիրքում է գտնվել եղածների մեջ։ Նախորդ պաշտոնյան՝ համեմատության մեջ, գտնվել է բարենպաստ և լավ վիճակում։ Իսկ մնացած մասով՝ մեծ ուսումնասիրություն և աշխատանք անելուց հետո կհասկանանք։ 

-Մյուս վարչական շրջանի նորանշանակ ղեկավարներից որոշներն արդեն կադրային փոփոխություններ են սկսել։ Դուք ի՞նչ եք անում, հասցրե՞լ եք ձեր թիմակիցներին աշխատանքի ընդունել:

Գործի մեջ ես ցանկանում եմ որդեգրել մի սկզբունք, որ հնարավոր սահմանափակ ռեսուրսներով փորձենք հասնել արդյունավետ, մաքսիմալ արդյունքի։ Եթե մի պաշտոն զբաղեցնող անձ չհամապատասխանի այն տեմպին, որը գործում է թաղապետարանում, ես հակված կլինեմ իրեն գործից ազատել։ Սակայն միայն նրա համար, որ նախկին ղեկավարի համար են աշխատել, և եթե նոր պրոցեսին հարմարվում են՝ չեմ պատրաստավում ազատել աշխատանքից։

Ունեցել ենք դեպք, որ տեղակալին խնդրել եմ՝ որոշակի ժամանակահատվածում իրեն իր տեղում չտեսնեմ, քանի որ չէր համապատասխանում տեմպին։

-Մի քանի օրվա մեջ հնարավո՞ր էր տեսնել նրա աշխատանքի արդյունավետությունը:

Պատկերացրեք՝ այո։ Ամենադժվարը՝ ղեկավար նշանակվելու առաջին մի քանի օրն էր, երբ բոլոր տեսակի ֆունկցիաներն էի կատարում, իսկ երբ տեղակալը՝ մի մասն իր վրա է վերցնում, այդ ժամանակ կարող ես հասկանալ, որ նա իր տեղում է։ Տեղակալի հետ հրաժեշտի օրը խոսեցինք, լսեցի իրեն։ Ամենկարևորը, որ լսեցի, նա ասաց՝ կողքդ կանգնած եմ։ Հասկացա, որ դա կարող է նորի սկիզբ դառնալ։

-Դեռ մի քանի օր է՝ վարչական շրջանի ղեկավար եք, բայց բնակիչները բողոքել են, որ  շենքի սպասարկման վճարը պատրաստվում եք բարձրացնել՝ նախկին 30 դրամից դարձնելով 100-120 դրամ։ Դուք սա հերքել էիք։ Բայց, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս են բնակիչները նման եզրակացություն արել:

-Իրականում ես այդպիսի մեծ խնդիր չեմ տեսնում։ Մենք շրջայց ենք կատարել իմ երկու տեղակալների, բաժնի ղեկավարների հետ, ծանոթացել եմ խնդիրներին։ Խոսել եմ համատիրությունների գործառութների մասին։ Համատիրությունը հավաքում է գումարներ բնակիչներից,  որը պետք է ծախսվի բնակչին սպասարկելու վրա։ Մենք գումար հավաքելու հետ որևէ աղերս չունենք։  Ըստ համատիրության նախագահի, գուցե բնակիչներից մեկը մեր ներկայացրած խոսքի մի մասն է լսել և ենթադրել է, որ գների բարձացման մասին են խոսել, բայց մենք օրինակ ենք բերել, որ Երևանում իր կառավարման մոդելով համատիրություն կա, որ բոլորին, ոչ թե տոկոսներով, այլ անգամներով է գերազանցում և ընդամենը 45 դրամ վճարով համատիրության մասին է խոսքը։ 120 դրամի մասով, որ թիվը ֆիքսել են, դա է հետաքրիքիր, որովհետև արհեստական գերխոշոր թիվ են ֆիքսել, որը կարող էր բնակիչների մոտ զայրույթ առաջացնել։ Այս մասով դավեր նյութելու խնդիր չեմ տեսնում, բայց մեզ համար կարևոր է, որ մարդիկ իրազեկ լինեն։

-Դուք այժմ անկուսակցական եք։ Հնարավո՞ր է՝ մի օր որոշեք իշխանական կամ որևէ այլ կուսակցության անդամագրվել:

-Ես նախընտրում եմ մնալ անկուսակցական, քանի որ դրանով ինքնաիրացվելու իմաստով շատ ավելի լայն շրջանակի կարող եմ պետքական լինել։ Բայց դա չի նշանակում, որ կուսակցական լինելով մարդիկ չեն կարող պետքական լինել։ Այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել, բայց իմ պատկերացումները միտված են նրան, որ ես անկուսակցական եմ և ուզում եմ այդպիսին ինձ տեսնել։ Մեր իրականության վերջին շրջադարձից հետո՝ երևաց, որ ինչը բացառում ես, ավելի արագ է տեղի ունենում։ Շատերը կբացառեին, որ Արամ Դանիելյանը, չունենալով նախկին չափորոշիչները, որով նախկին սկզբունքներով դառնում էին պատասխանատու կառույցների ղեկավարներ, կդառնա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։

-Եվ վերջում՝ Արաբկիր վարչական շրջանում ո՞րն է օրակարգային խնդիր և ե՞րբ տեսանելի արդյունք կլինի:

Արաբկիրի և այս պահի դրությամբ բոլոր վարչական շրջանների ընդհանուր խնդիրն աղբահանությունն է։ Եթե այդ սովորական հարցը չի լուծվում՝ մնացածի մասին խոսելը վերամբարձ կլինի։  Բայց այս պահին, եթե ուսումնասիրեք, կտեսնեք՝ Արաբկիրում ամենօրյա ռեժիմով գրանցվում են լրացուցիչ աշխատանքներ, գտնում ենք ենթապայմանագրային հիմունքով բեռնատար մեքենաներ ունեցողներ, որոնք աղբահանություն են իրականացնում, մինչև Սանիթեքը կսկսի որոշակի ծավալով իր գործն անել։ Աղբահանությունն առաջնային է, բայց Արաբկիրի օրակարգում չպետք է լիներ, քանի որ ինչ-որ իմաստով այն արհեստական է օրակարգ մտել։ Փոփոխություններ միանշանակ կլինեն։ Արդեն հանդիպել եմ մանկապարտեզների տնօրենների հետ,  ձնամաքրման հետ կապված պայմանավորվածություն ունեք, որ ձյունը ոչ թե անակնկալ, այլ սպասված գա։ Արաբկիրը որոշ ժամանակ հետո պետք է լինի լրիվ այլ մոդելի համայնք՝ բոլոր իմաստներով, և օրինակ ծառայի մյուսներին։ Եվ ինձ լիարժեք մրցակից եմ համարում Կենտրոն վարչական շրջանի հետ։ Իմ պատկերացրած շոշափելի արդյունքն այն կլինի, որ խնդիրները որակապես փոխվեն․ առօրյա տարրական կենցաղային խնդիրներին փոխարինեն պուրակներում արձան տեղադրելը, կամ մշակույթի և արվեստի հետ կապված խնդիր առաջադրելը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One