Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Դուք Էջմիածնում վարչապե՞տ եք ընտրում, թե՞ իշխանություն. սա դեֆորմացիա է. Ռոբերտ Քոչարյան
29.10.18 13:15
Դուք Էջմիածնում վարչապե՞տ եք ընտրում, թե՞ իշխանություն. սա դեֆորմացիա է. Ռոբերտ Քոչարյան

Ռուսական Lenta.ru լրատվականը հարցազրույց է անցկացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լրատվականն իր խորագրում նշել է. «Հայաստանի նախկին նախագահը քրեական հետապնդման տակ է ընկել և վերադարձել քաղաքականություն. ինչո՞ւ»:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հրաժարական տալով՝ կարողացավ այնպես անել, որ նոր վարչապետ չընտրեն։ Եթե հաջորդ երկու նիստերին վարչապետ չընտրվի, Փաշինյանը կհասնի իր նպատակին՝ ԱԺ լուծարում և արտահերթ ընտրություններ։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում նրա հերթական հաղթանակը։

– Ես չէի կասկածում, որ այդ ներկայացումը կխաղան և նրան չեն ընտրի։ Դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ կուսակցությունները բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին և անհրաժեշտ չափով չհամագործակցեցին իրար հետ, որպեսզի դա թույլ չտան։ Հայաստանի Սահմանադրությունն այնպիսին է, որ խորհրդարանը լուծարելն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն առանց այդ ֆարսի չի լինի, տարբերակ չկա։ Ենթադրում եմ՝ երկրորդ անգամ արդյունքը նույնը կլինի։

– Կարծիքները տարբեր են. ոմանք կարծում են, որ դա ներկա անկայուն շրջանի վերջը կլինի, մյուսները վստահ են, որ դրան կհետևի անկայունության նոր շրջան։ Ո՞րն է ճշմարտությանն ավելի մոտ։

– Սա, անկասկած, բեկումնային պահ է․ վարչապետն ամրապնդում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում կձևավորվի մի խորհրդարան, որտեղ ամբողջովին կգերիշխի մեկ քաղաքական միավորում։ Իսկ հենց այդ քաղաքական միավորման մեջ գերիշխում է մեկ անձ։ Չեմ կարծում, որ այսպիսի իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։ Փաստացի բոլոր մյուս խորհրդարանական կուսակցությունները հայտնել են, որ պատրաստ չեն արտահերթ ընտրությունների։ Սակայն այս սցենարը սեղմվում է մոբիլիզացված ռեսուրսով, որը դեռևս ունի Նիկոլ Փաշինյանն ընտրողների շրջանում։ Դա տեղի է ունենում բաց, հրապարակավ, ողջ հասարակության աչքի առաջ։ Ակնհայտ է, որ եթե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, դրանց արդյունքը լիովին կանխատեսելի է։ 


-Եվ կանխորոշվա՞ծ։

– Անկասկած։ Ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ չի կարելի լուրջ որոշումներ կայացնել էմոցիոնալ վիճակում։ Սոցիալական հոգեբանությունը վկայում է, որ դա վերաբերում է և նաև ընդհանրապես հասարակությանը։ Այսօր Հայաստանում ընտրազանգվածի մի մասն էյֆորիայի վիճակում է, պատրաստ չէ առարկայական քննարկման, իսկ դա նշանակում է, որ սխալ որոշումներ կայացնելու ռիսկերը կտրուկ մեծանում են։

– Ձեր հարցազրույցներից մեկում, գնահատելով ապրիլյան իրադարձությունները, պնդել եք, որ Փաշինյանը ժողովրդական մասսայական աջակցություն չունի, կան ոչ մեծ թվով համախոհներ, որոնք հիպերակտիվ են և դրա հաշվին խիստ առանձնանում են։ Այժմ Դուք խոսում եք մոբիլիզացված ռեսուրսի մասին, որն ունի Նիկոլ Փաշինյանը։ Դուք փոխե՞լ եք Ձեր տեսակետը։

– Ապրիլին տեղի ունեցած մասշտաբները լրիվ այլ էին, և մարդկանց ջանքերն ուղղված էին այդ ժամանակվա գործող իշխանության դեմ։ Հենց դա էր այն ժամանակ հիմնական համախմբող սկիզբը։ Սակայն իրավիճակի զարգացման հետ գործընթացը վերափոխվեց մեկ այլ բանի։ Այդ նույն մասսան դարձավ նոր իշխանության եռանդուն պաշտպանը, քանի որ այն համարում է իր ջանքերի արդյունքը։ Այսպիսին է օբյեկտիվ իրականությունը, որի հետ պետք է հաշվի նստել։

– Դուք վեջերս կանխատեսեցիք, որ միաբևեռ խորհրդարանի ձևավորումը, անկայունության նախապայմաններ կստեղծի։ Դուք ի՞նչն ի նկատի ունեիք։

– Խոսքն իշխանության և պատասխանատվության մասին է․ ամբողջական իշխանությունը ենթադրում է ամբողջական պատասխանատվություն։ Սա մեդալի մի կողմն է, դրական, քանի որ հնարավոր անհաջողությունները հնարավոր չի լինի բարդել ինչ-որ մեկի վրա։ Այսօր հայտնի բառերը՝ «ռևանշ», «սաբոտաժ» և «հակահեղափոխություն», կկորցնեն հասցեատերերին։ Գուցե այդ ժամանակ իշխանությունը վերջապես զբաղվի տնտեսությամբ։ Բացասականը կլինի այն, որ փաստացիորեն կձևավորվի նոր քաղաքական մենաշնորհ, և դրանից երկրին ոչ մի լավ բան չի լինի։ Որպես կանոն, այդպիսի մենաշնորհն արդյունքում հանգեցնում է իշխանության լճացման և բարոյազրկման, ինչքան էլ այն հեղափոխական լինի։ Երկրում դադարում են աշխատել իշխանության ճյուղերի հետ փոխհարաբերություններում չափազանց անհրաժեշտ զսպիչները և հակակշիռները։

– Այսօր Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր կամ քաղաքագետներ, որոնք ի զորու են քանդել այդ մոնոպոլիան և իրենց վրա վերցնել ընդդիմության դերը։ -Դա կախված կլինի նրանից, թե որքան եռանդուն և պրոֆեսիոնալ նրանք կկառուցեն իրենց աշխատանքն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Բոլորը հասկանում են, որ քաղաքական դաշտի լուրջ վերափոխում է լինելու, ինքնաիրացման համար մեծ հնարավորություններ կբացվեն, սակայն թե ով հանդես կգա որպես ընդդիմության առաջատար, կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի ապագա ընդդիմությունը։

– Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ դերում։

– Ես մտածում եմ այդ մասին։

– Պատրա՞ստ եք գլխավորել հայաստանյան ընդդիմությունը։

– Ես Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունեմ։ Դա ինձ դրդում է փորձել ազդել այդ գործընթացների վրա։ Թե որքանով դա ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ, որ իմ անցած ուղին և փորձը թույլ կտան հայկական քաղաքականության մեջ նշանակալի դեր խաղալ։

– Մինչև Ձեր դեմ քրեական գործ հարուցելը, Դուք քաղաքականություն վերադառնալու ցանկություն չէիք հայտնել։ Հենց Ձեր դեմ մեղադրանք առաջադրվեց, Դուք հայտնեցիք այդպիսի մտադրության մասին։ Այդ իրադարձություններն ինչ-որ կերպ կապվա՞ծ են։

– Զուգահետ գործընթացներ են, սակայն դրանք խթանեցին մեկը մյուսին։ Հայաստանի իրավիճակի և դրա զարգացման հնարավոր տարբերակների հետ կապված անհանգստությունն ինձ դրդեց այդպիսի որոշում կայացնել դեռևս մինչև ինձ կալանավորելը։ Այստեղ մի մեծ հարց էլ կա․ քրեական գործը հայտնվեց ինքն իրե՞ն, թե՞ այն բանի արդյունքում, որ իշխանությունները նկատեցին իմ ակտիվությունը՝ այն գնահատելով որպես քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում։ Այստեղ հավի և ձվի առաջինը լինելու դասական պարադոքսն է։ Ես դեռևս մինչև այդ քրեական գործը, բավականին ակտիվորեն խորհրդակցում էի քաղաքացիների հետ, քաղաքական գործիչների և նրանց հետ, ովքեր կիսում են իմ անհանգստությունը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One