Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում
26.10.18 19:39
Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում

Հայաստանի Ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որն օրերս հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, ծավալուն հարցազրույց է տվել Armsport.am-ին և խոսել կարիերան ավարտելու որոշման, նոր մարտահրավերների մասին:

Նախկին ֆուտբոլիստը բացահայտել է, որ արդեն պաշտոնապես աշխատում է Ֆուտբոլի ֆեդերացիայում:

– Ամեն դեպքում, շատերը դեռ սպասում էին, որ կվերադառնաք ֆուտբոլ, և մասնավորապես Հայաստանի հավաքական, հակապես՝ Յուրա Մովսիսյանի վերադարձից հետո: Կարիերան ավարտելու որոշումն ինչպե՞ս կայացրիք:

– 2 տարուց ավելի չէի խաղում, ու կամաց-կամաց եկել էի դրան: Գիտակցում էի, որ վաղ թե ուշ չեմ խաղալու, քիչ թե շատ պատրաստ էի դրան, այդիսկ պատճառով այնքան էլ դժվար չտրվեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշումը: Հիմա ֆուտբոլի հետ կապված այլ նպատակներ կան:

– Ի՞նչ նպատակների մասին է խոսքը: Ֆուտբոլից, փաստորեն, չե՞ք հեռանում:

– Դժվար է հեռանալը: Ավելի ճիշտ՝ ժամանակը ցույց կտա, եթե սիրով, հաճույքով և օգտակարությամբ կանեմ այն գործը, որը կանեմ արդեն ոչ որպես ֆուտբոլիստ, ուրեմն կշարունակեմ մնալ ֆուտբոլում: Ամեն դեպքում, նպատակս հենց դա է: Կարելի է ասել՝ արդեն պաշտոնապես ֆուտբոլի ֆեդերացիայում եմ: Հետագայում էլ ցանկություն ունեմ մարզչական գործունեությամբ զբաղվել, կամ այնպիսի աշխատանքով, որը կապված կլինի ֆուտբոլային մենեջմենթի հետ: Ժամանակը ցույց կտա: Հիմա մարզչական լիցենզիա չունեմ, և տվյալ պահին ֆեդերացիայում աշխատանքս ուրիշ գործառույթներ է իրենից ներկայացնում:

– Ի՞նչ գործառույթներ:

– Ղեկավարելու եմ սկաուտինգի բաժինը: Զբաղվելու եմ ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում գտնվող հայ ֆուտբոլիստների սկաուտինգով: Գործառույթս իսկապես լավ ֆուտբոլիստներ գտնելն է: Աշխարհում շատ են հայերն ու հայ ֆուտբոլիստները: Շատ դեպքերում հրավիրելուց առաջ հնարավոր չի լինում իրական գնահատական տալ՝ նրանք լա՞վն են, թե՞ ոչ: Ինքս կփորձեմ մասնագիտական ավելի ճիշտ գնահատական տալ, թե որ ֆուտբոլիստն է կարող իսկապես օգտակար լինել մեր հավաքականին, և ով՝ ոչ:

– Երկրպագուները հաճախ դժգոհում էին, որ իրենց նախընտրած խաղացողները դուրս են մնում ֆեդերացիայի ուշադրությունից և չեն հրավիրվում հավաքական: Փաստորեն այդ ամենն այժմ Դուք եք համակարգելու: Կա՞ն անուններ, որոնց արդեն իսկ դիտարկում եք:

– Կան. այսինքն նրանք են, որոնց բոլորը գիտեն: Ովքեր խաղում են օրինակ Ռուսաստանի Բարձրագույն խմբում: Կան նաև մանկապատանեկան տարիքի շատ ֆուտբոլիստներ: Ֆուտբոլասերների ցանկությունը հասկանելի է, բայց պետք է հասկանալ, որ ոչ բոլորին է հնարավոր հրավիրել հավաքական: Ռուսաստանում հանդես եկող հայերին շատ դժվար է հրավիրել հավաքական, քանի որ նրանք այնտեղ դառնում են լեգիոներ ու կանգնում խնդրի առաջ: Նույն Մարաշլյանը, ով շատ լավ ելույթներ է ունենում, հույս ունի հանդես գալ Ուրուգվայի հավաքականում: Այն ֆուտբոլիստների անունները, որոնք երկրպագուները տալիս են, ֆեդերացիայում շատ լավ գիտեն: Ֆեդերացիան էլ ցանկություն ունի հրավիրելու, բայց ժամանակը ցույց կտա՝ նրանք կգա՞ն, թե՞ ոչ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One