Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 20 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Հեղափոխությունն ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից. Ռոբերտ Քոչարյան
25.10.18 12:57
Հեղափոխությունն ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից. Ռոբերտ Քոչարյան

Լեռնահանքային ոլորտը Հայաստանում կարեւորագույն ոլորտներից մեկն է, որը մեր արդյունաբերական պոտենցիալի լուրջ մասն է կազմում: Այս մասին «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իմ տպավորությամբ՝ այսօրվա կառավարությունը թերագնահատում է այդ ոլորտի նշանակությունը տնտեսության համար եւ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ այդ ոլորտն ունենում է ընդհանուր տնտեսության վրա, որն ազդում է նաեւ երկրի արտաքին առեւտրատնտեսական հաշվեկշռի վրա: Գոյություն չունի որեւէ տնտեսական գործունեություն, որ չունենա բնապահպանական հետեւանքներ: Հարցը հանգում է երկրում կիրառվող բնապահպանական ստանդարտներին, եւ այն բանին, թե ինչպես է պետությունը վերահսկում այդ ստանդարտների պահպանումը»,– ասել է Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ անհասկանալի է այն, ինչ կատարվում է «Լիդիան» ընկերության ներդրումային ծրագրի, Ամուլսարի հետ կապված:

«Մի խումբ մարդիկ, մտահոգված բնապահպանական հարցերով, մի քանի ամիս արգելափակել են այդ ընկերության աշխատանքը: Հարյուրավոր միլիոնների հասնող ներդրումային ծրագրով աշխատանքը: Եթե բնապահպանական խնդիրներ կան, ապա այդ ընկերության գործունեությունը պետք է դադարեցներ պետությո՛ւնը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ՝ ճանապարհ փակելով: Եվ այդ մի խումբ մարդիկ պետք է ոչ թե ֆիզիկապես խանգարեին այդ ընկերության աշխատանքին, այլ պետք է ճնշում գործադրեին կառավարության վրա, որը իր որոշումներով պիտի դադարեցներ ընկերության աշխատանքը, եթե այն սահմանված ստանդարտներին չի համապատասխանում։ Պետք է նոր փորձաքննություններ նշանակի, մասնագիտական եզրակացություններ եւ այլն, բայց ոչ թե թույլ տա այդ ընկերության աշխատանքների արգելափակումն այս ճանապարհով»,– ասել է նա:

Քոչարյանի խոսքով՝ ավելի մեծ վնաս ներդրումային միջավայրին հասցնելու տեսանկյունից ուղղակի դժվար է պատկերացնել:

«Ես տվյալ դեպքում հավանական եմ համարում, որ բնապահպանները տեղ ունեն դժգոհելու, որ համոզմունք ունեն, որ ինչ-որ սխալ բան է կատարվել: Բայց իրենք պետք է փորձեն ազդել կառավարության վրա, որպեսզի օրինական ճանապարհով լուծվի այդ հարցը:  Հիմա որեւէ ընկերություն, Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը դիտարկելիս, պետք է մտածի, որ մի խումբ դժգոհ մարդիկ կարող են արգելափակել իրենց աշխատանքը, իսկ պետությունը որեւէ բան չի անելու: Որքան ուզում ես՝ խոսիր ներդրումային միջավայրի մասին, այս օրինակը մի քանի տարով դուռ է փակում լեռնահանքային արդյունաբերության մեջ որեւէ ներդրումների համար»,– ասել է նա:

Քոչարյանն անդրադարձել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ակնկալվող ներդրումների հոսքին։

«Այսօր իշխանությունը փորձում է հեղափոխությունը բրենդ դարձնել: Բայց ներդրողի համար հեղափոխությունը բրենդ չէ, ներդրողի համար հեղափոխությունը վտանգ է: Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության եւ հիացած են դրանով: Սակայն ներդրողի համար հեղափոխությունը, որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն եւ ռիսկեր են: Այսինքն՝ հեղափոխությունը, որպես բրենդ, ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից: Եվ այդ առումով վրացիները, Սահակաշվիլու ժամանակ, շատ արագ այդ բառերը մի կողմ դրեցին, սկսեցին բարեփոխումներից խոսել: Նրանք այս ամենը շատ արագ հասկացան»,– ասել է Քոչարյանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One