Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Բոլոր ծրագրերն ուղղված են Սարուխան համայնքի բարեկարգմանն ու բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը. Լյովա Աբրահամյան
09.10.18 11:12
Բոլոր ծրագրերն ուղղված են  Սարուխան համայնքի բարեկարգմանն ու բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը. Լյովա Աբրահամյան

Համայնքում առկա ձեռքբերումների, խնդիրների և առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ զրուցեցինք Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյովա Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, մոտ մեկ տարի է, ի՞նչ հանդիսանում եք Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար` ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվել այս ընթացքում:
-1996 թվականին ընտրվել եմ Սարուխանի համայնքապետ և չորս անգամ վերընտրվել եմ այդ պաշտոնում, իսկ 2017 թվականին նշանակվել եմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Ասեմ, որ իմ հարազատ համայնքի խնդիրներին մշտապես քաջատեղյակ եմ եղել, ցանկացած խնդրին մոտենում եմ սրտացավորեն և աշխատում եմ այնպես անել, որ յուրաքանչյուր խնդիր սեղմ ժամկետում ստանա իր լուծումը: Իմ պաշտոնավարման օրվանից բազում ծրագրեր են կյանքի կոչվել:
Կատարվել է համայնքի բարեկարգման աշխատանքներ. կենտրոնական փողոցներում մոտ 1500 մետր գիշերային լուսավորություն է անցկացվել: Ոռոգման համակարգի խնդիրներից խուսափելու նպատակով, համայնքի տնամերձ հատվածների համար կառուցեցինք ջրատար, որպեսզի այդ հատվածներում լուծվեն ոռոգման խնդիրները:
Կառավարության ծրագրի շրջանակներում նախատեսված է ասֆալտապատել մոտ չորս երկրորդային ճանապարհներ, առաջին ճանապարհի վերանորոգման աշխատանքներն ավարտված է, շուտով նաև մեկնարկ կտրվի երկրորդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներին: Դեռ բազում ծրագրեր ունենք, որոնք կյանքի կկոչենք առաջիկայում, այդ բոլոր ծրագրերը ուղղված կլինեն Սարուխան համայնքի բարեկարգմանն ու բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը:
-Ո՞րքան բնակչություն ունի համայնքը և հիմնականում ի՞նչով են զբաղվում բնակիչները, արդյո՞ք կան աշխատատեղեր:
-Համայնքն ունի 8381 բնակիչ: Հիմնականում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, իսկ քանի որ այստեղ հողերը այդքան էլ բերրի չեն, բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի մշակմամբ:
Իսկ Ձեր այն հարցին, թե արդյո՞ք համայնքում աշխատատեղեր կան թե ոչ` ասեմ, որ այն մեր ամենացավոտ խնդիրներից մեկն է, քանի որ գրեթե չկան աշխատատեղեր, որի հետևանքով բնակիչների մեծ մասը մեկնում են արտագնա աշխատանքի:
-Պարո՛ն Աբրահամյան, իսկ բերքատվության առումով ինչպիսի՞ն էր տարին:
-Այս տարվա բերքը, համեմատած անցյալ տարվա հետ, կազմում է շուրջ 30 տոկոս, հիմնական պատճառը կարկտահարությունն էր:
-Կատարված աշխատանքների հետ մեկտեղ, դեռ ի՞նչ չլուծված խնդիրներ կան համայնքում:
-Ընդհանուր առմամբ մեզ համար առաջնային խնդիրը գյուղի ընդհանուր բարեկարգումն է. ասֆալտապատում, գիշերային լուսավորության ցանցի ավելացում, կոյուղաջրերի հեռացում:
Գիտեք, ինչքան էլ որ փորձում ենք ճանապարհները հողային շերտով բարեկարգել, միևնույն է, մի քանի ամիս անց անձրևներից, նույնիսկ քամուց ճանապարհները նորից հայտնվում են նույն վիճակում: Պետք է գտնենք միջոցներ, որպեսզի կարողանանք գոնե համայնքային գլխավոր ճանապարհները վերանորոգել:
Մեզ համար կարևոր է նաև, որ համայնքում զարգանա մշակութային և սպորտային կյանքը, որոնց զարգացման համար անհրաժեշտություն կա կատարել ներդրումներ:
Ունենք մշակույթի տուն, որի դահլիճը գտնվում է անմխիթար վիճակում և կարիք ունի վերանորոգման: Համայնքում գործում է համայնքային գրադարան,որն ունի 18000 կտոր գրականություն, պատմության թանգարան, երկու մանկապարտեզ: Առաջին մանկապարտեզը կառուցվել է 1965 թվականին և մինչև այժմ այնտեղ որևէ վերանորոգման աշխատանք չի իրականացվել, և այսօր այն ունի հիմնանորոգման կարիք, որը ևս լուրջ խնդիր է համայնքի համար:
Կան բազում խնդիրներ, սակայն մենք յուրաքանչյուր քայլ ձեռնարկում ենք որպեսզի վերոնշյալ խնդիրները ստանան իրենց լուծումները: Համայնքապետարանի բոլոր ծրագրերը ուղղված են հենց համայնքի բարեկարգմանն ու զարգացմանը:
-Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Լավատեսորեն եմ տրամադրված: Երբեք չեմ քննադատում մյուս մրցակիցներին, բոլորն էլ մեր համագյուղացիներն են, բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ:
Թող ընտրվի նա, ով իրոք արժանի է:
-Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում աշխատանքում:
-Իմ կարծիքով, ցանկացած աշխատանքում պետք է լինես ազնիվ և նվիրված, միայն այդ պարագայում կարող ես հասնել հաջողության:
-Պարո՛ն Աբրահամյան, և վերջում` Ձեր ուղերձը ընտրողներին:
-Ցանկանում եմ, որ մարդիկ մասնակցեն այս ընտրություններին և ընտրեն այն մարդուն ում հավատում են և համոզված են, որ նա իր նվիրական աշխատանքի շնորհիվ Սարուխան համայնքը կծաղկեցնի:

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One