Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =483.90 AMD
EUR =559.68 AMD
Հրանտ Դինքից մինչև Քրիստափոր Օսկանյան: Թուրքահայության բազմակի ազգային ինքնության գործոնը
15.09.18 09:28
Հրանտ Դինքից մինչև Քրիստափոր Օսկանյան: Թուրքահայության բազմակի ազգային ինքնության գործոնը

Սփյուռքահայության շրջանում առկա է ինքնության բազմակի դրսևորում, կարծում են գիտնականները: Այն հատկապես ընդգծված է թուրքահայության շրջանում: Ինչպես նախկինում, այնպես էլ մեր օրերին տեղի հայ գործիչները, չնայած Ցեղասպանության փաստի և այլ խնդիրների, փորձում են նպաստել երկրի զարգացմանը:

«Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գրքում “Ակոս” թերթի խմբագիր թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը գրել է.

«Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջինը թուրքաբնակ եմ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի, երկրորդը՝ հայ եմ»:

Սեպտեմբերի 15-ին Հրանտ Դինքը կդառնար 64 տարեկան: Իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարել էր թուրք և հայ ժողովուրդների միջև հաշտեցման ու Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար՝ ընդգծելով իր երկու ինքնության գոյությունը:

Ըստ սփյուռքագետ Վահե Սահակյանի, ազգային ինքնությունը բարդ երևույթ է,: Այն բնորոշ է ազգային փոքրամասնություններին, իսկ թուրքահայության դեպքում, շատ ավելի ընդգծված՝ հաշվի առնելով ցեղասպանության հիմնախնդիրը:

«Սփյուռքները հատկապես այդ դասի մեջ են, երբ մարդիկ ունեն մի քանի ինքնություններ, որ կարող են հանդիսանալ տվյալ երկրի քաղաքացիներ և այդ երկրի լիարժեք անդամներ, բայց միևնույն ժամանակ որոշ այլ ինքնությունների կրողներ»

Չնայած հայ-թուրքական բարդ հարաբերություններին ու ողբերգական անցյալի՝ թուրքահայերը շարունակում են իրենց ներդրումն ունենալ Թուրքիայում փոփոխությունների իրականացմանը:

«Կարծում եմ Հրանտ Դինքն ու իր նման անձինք պայքարել են հանուն Թուրքիայում փոփոխությունների ու հանուն նրա, որ այն լինի այնպիսի պետություն, որտեղ ազգային փոքրամասնությունները և մեծամասնությունը զգան իրենց լիարժեք քաղաքացիներ»,- ասում է Սահակյանը:

Պատմաբան Ռոնալդ Սյունին էլ իր հերթին ևս ընդգծում է բազմակի ինքնության գոյության փաստը: Ըստ գիտնականի, ինքնությունը կարող է եզակի չլինել:

«Օրինակ, ես ինքս ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց նաև հանդիսանում եմ հայ: Ես ամերիկահայ եմ: Ինքնության կարևորությունը կապված է տվյալ իրավիճակից»։

Անդրադառնալով Օսմանյան կայսրության կազմում բնակվող հայերին, պատմաբանն ընդգծում է, որ չնայած մի շարք դժվարությունների, մասնավորապես կրոնական պատկանելիության, հայերը դարեր ի վեր եղել են կայսրության անբաժան մաս: Նրանցից ոմանք հասել են նաև բարձր դիրքի:

«Եթե նայում ես Օսմանյան կայսրության հայերի պատմությանը, ապա զարմացնում է, թե որքան խորն էին նրանք ինտեգրված այդ հասարակության մեջ և որքան մոտ է եղել նրանց ինքնությունն այդ հասարակությանը»,- ասում է Սյունին:

Օսմանյան և հայկական ինքնության համատեղման վառ օրինակներից է 19-րդ դարում Օսմանյան կայսրության հայազգի գործիչ Քրիստափոր Օսկանյանը, ում սուլթանը նշանակել էր Նյու Յորքում Օսմանյան կայսրության հյուպատոս: Օսկանյանի կենսագիր, պատմաբան Նորա Լեսերսոհնն ընդգծում է, որ վերջինս իրեն համարում էր ոչ միայն հայկական համայնքի մասնիկ, այլև Օսմանյան կայսրության հավատարիմ հպատակ և իր գործունեությունը նվիրել էր կայսրության բարեփոխմանը:

«Իրականությունն այն է, որ մարդիկ մեծ ոգևորությամբ էին փորձում նպաստել այն երկրի կայացմանը, որը համարում էին իրենց հայրենիքը: Օսկանյանը հավատացած էր, որ հնարավոր է միաժամանակ հասնել ինչպես օսմանահայության, այնպես էլ ընդհանուր օսմանյան հասարակության հետագա զարգացմանը:

Ինչպես Օսկանյանը, այնպես էլ Հրանտ Դինքը իրենց երկրի օրինակելի քաղաքացիներ էին, որոնք խորապես համոզված էին, որ Թուրքիան մեծապես կշահի միայն բարեփոխման, ժողովրդավարացման և բազմազգ համերաշխության շնորհիվ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One