Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =480.62 AMD
EUR =560.16 AMD
«Դեպի վեր» կինոնկարի ցուցադրմամբ մեկնարկեց Ռուսական կինոյի շաբաթը Հայաստանում
16.05.18 20:38
«Դեպի վեր» կինոնկարի ցուցադրմամբ մեկնարկեց Ռուսական կինոյի շաբաթը Հայաստանում

«Ռուսական կինոյի շաբաթը» Հայաստանում միջոցառման շրջանակում կցուցադրվեն գեղարվեստական նոր ֆիլմեր, որոնք ներկայացնում են ժամանակակից Ռուսաստանը, դրա պատմական անցյալը: Կինոնկարները կմատուցեն  դրանց ստեղծողները` պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ: Ֆիլմերի ցուցադրությունից հետո նախատեսվում են քննարկումներ հանդիսատեսի հետ:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ցուցադրվեց «Դեպի վեր» կինոժապավենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը նաև կինոյի ասպարեզում: «Ցանկանում են ընդգծել, որ կինոշաբաթի ընթացքում ցուցադրվող բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է, հետևաբար  ցանկացողները կարող են գալ, դիտել կինոնկարները և քննարկել դրանք կինոարտադրողների հետ»,-նշեց նա:

Ռուսաստանից Հայաստան ժամանած պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանի խոսքով` կինոշաբաթը, Հայաստանում անցկացվող մի շարք փառատոններն էլ ավելի առաջ կտանեն երկիրը: «Հայաստանում ֆենոմենալ փոփոխություններ են տեղի ունեցել: Կարծում եմ` այդ դրականը կանդրադառնա բոլոր ոլորտների վրա, այդ թվում և արվեստի. յուրաքանչյուր գաղափարախոսություն և փոփոխություն պետք է խրախուսվի ստեղծագործ հաղթանակներով»,-շեշտեց պրոդյուսերը:

Պրոդյուսեր Պյոտր Անուրովը շնորհավորեց հայերին վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների առթիվ` ընդգծելով, որ Ռուսաստանում շատերը հիանում են այն հայերով, որոնք կարողացան առանց արյան իշխանափոխություն իրականացնել: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում շուտով կընդունվի «Կինոյի մասին օրենք», և իրենք կկարողանան մեր երկրում ֆիլմեր նկարահանել: Պրոդյուսերը հավելեց, որ կինոշաբաթվա ընթացքում ներկայացնելու  է «Սելֆի» կինոժապավենը, որում հրաշալի դերասաններ են ներգրավել:

«Ռուսական կինոյի շաբաթը Հայաստանում» անցկացվում է երկրորդ անգամ: Այս տարի կցուցադրվի 20 ֆիլմ, որից երկուսը փաստավավերագրական: Արվեստասերները ռուսական կինոնկարները դիտելու հնարավորություն կունենան «Մոսկվա» կինոթատրոնում, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One