Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնը
13.03.18 20:24
Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնը

Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնը «Մոսկվա» կինոթատրոնում այս տարի մեկնարկեց Ֆրանսիական կինոարվեստի հեղինակավոր մրցանակաբաշխության` հինգ «Սեզարի» արժանացած Ալբեր Դյուպոնելի «Կհանդիպենք այնտեղ՝ վերևում» ժապավենով:

Կինոփառատոնի բացմանը ներկա՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն անդրադառնալով 2-րդ փառատոնի մեկնարկին՝ նշում է.

«Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը համընկնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի հետ: Ամենատարբեր մշակութային միջոցառումների միջոցով մարտի 12-ից ապրիլի 12-ը հավուր պատշաճի արժանին կմատուցենք ֆրանսերեն լեզվին, ներկայացնելով արվեստի բազմաթիվ միջոցառումներ: Այս ընթացքում կիրականացվեն ֆրանսիական մշակույթին առնչվող երաժշտական, պատկերապատման, թատերական և այլ միջոցառումներ: Ինչ վերաբերում է ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնին, ապա կարծում եմ, որ այն մեզ ավելի կմոտեցնի այն կարևոր միջոցառմանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, որ սպասվում է այս տարի հոկտեմբեր ամսին՝ Երևանում»:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն անցկացնում է «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը», որ մեկնարկում է մարտի 12-ին և կտևի մինչև ապրիլի 12-ը՝ ներառելով նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը:

Կազմակերպվող միջոցառումների միջոցով Հայաստանում և ողջ աշխարհում կներկայացվեն ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները:

Մարտի 19-22-ը սպասվում է ֆրանսահայ շեֆ խոհարար և «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզեգյուլյանի, նկարազարդող և դիզայներ Գիյոմ Լոնի երևանյան այցը: Նախատեսվող հաջորդ միջոցառումը «Et en plus je parle français…en Arménie !» («Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն… Հայաստանում») տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի մարտի 20-ին:

Ֆրանկոֆոն ֆիլմերի կինոփառատոնը կտևի մարտի 12-18-ը, որի ընթացքում կներկայացվեն ժամանակակից` 2013-2017 թվականների արտադրության ընդհանուր առմամբ՝ ինը ֆիլմ՝ 2 շվեյցարական, 2 կանադական և 5 ֆրանսիական արտադրության: Կիրակի՝ փառատոնի փակմանը, կցուցադրվի Էրիկ Տոլեդանոյի և Օլիվիե Նակաշի 2017թ. արտադրության «Տոնական խառնաշփոթ» ֆրանսիական կատակերգությունը: Ֆիլմի ռեժիսորներին համաշխարհային ճանաչում է բերել Օմար Սիի մասնակցությամբ նկարահանված «Անձեռնմխելիները» (1+1) ֆիլմը:

Փառատոնի ընթացքում նախատեսված բոլոր ֆիլմերը կուղեկցվեն հայերեն և ռուսերեն ենթագրերով:

Տեղեկացնենք, որ ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը կազմակերպում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ Շվեցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ համագործակցությամբ:

Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում: Մուտքն ազատ է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One