Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 26 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.56 AMD
EUR =542.00 AMD
Սփյուռքի նախարարության աջակցությամբ Զարուհի Բաբայանն ու Համլետ Գևորգյանը ելույթ են ունեցել Շվեդիայում
14.10.16 20:50
Սփյուռքի նախարարության աջակցությամբ Զարուհի Բաբայանն ու Համլետ Գևորգյանը ելույթ են ունեցել Շվեդիայում

Հոկտեմբերի 1-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Սուրբ Մարիա եկեղեցու հանդիսությունների սրահում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստներ Զարուհի Բաբայանի և Համլետ Գևորգյանի՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգը:

Երգչուհի Զարուհի Բաբայանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ էր գտնվում Շվեդիայում, հիացած է հայկական համայնքի համախմբվածությունից և հայրենասիրական դրսևորումներից:

«Համերգը շատ ջերմ մթնոլորտում անցավ, ամենուր հայկական շունչն ու ոգին էր թևածում: Բոլորն իմ ու Համլետի երգերին քաջատեղյակ էին. մեզ հետ հավասար ձայնակցում էին և պարում, նույնիսկ հուշում էին, թե հաջորդիվ ինչ երգ երգենք, որից անչափ ուրախանում էինք»,-նշեց երգչուհին՝ հավելելով, որ «երգապնակը» բազմազան է եղել, մինչև ուշ գիշեր հանդես են եկել ազգագրական, ժողովրդական, հայրենասիրական և էստրադային երգերի կատարումներով՝ արժանանալով ներկաների ծափողջույններին:

Հայաստանից ժամանած հյուրերը նաև Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ հանդիպելու հրավեր են ստացել, որի մասին Զարուհի Բաբայանը մեջբերեց. «Դեսպանի հետ հանդիպումից նույնպես մեծ տպավորություն եմ ստացել: Հասկացա, որ նա սրտացավ է շվեդահայերի համար և ամեն հարցում պատրաստ է աջակցելու նրանց: Դեսպանատանն էլ հայկական մթնոլորտ էր տիրում, որն անչափ հաճելի էր: Համայնքում, իմանալով Արտակ Ապիտոնյանի հետ հանդիպման մասին, միանգամից դրվատանքով էին խոսում թե՛ դեսպանատան գործունեության, թե՛ դեսպանի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ իրենց բոլոր խնդիրներին արագ լուծում են տալիս և միշտ ջերմ վերաբերմունք ցուցաբերում»:

Զարուհի Բաբայանն իր եզրափակիչ խոսքում շնորհակալություն հայտնեց  ՀՀ  սփյուռքի նախարարությանը՝ սփյուռքյան տարբեր համայնքներում պարբերաբար ելույթներ ունենալու հնարավորություններ ընձեռելու համար՝ ընդգծելով, որ նախարարությունն իր գործունեությամբ նպաստում է Հայրենիք-Սփյուք մշակութային կապերի ամրապնդմանը, իսկ արվեստագետներին հնարավորություն ստեղծում հանդիպելու աշխարհասփյուռ հայությանը:

Համլետ Գևորգյանը «Հայերն այսօր»-ին տեղեկացրեց, որ Սփյուռքում ելույթ ունենալն ու հայրենակիցների հետ հանդիպելն իր համար միշտ էլ հաճելի է:

Երգիչը կարծում է՝ այս անգամ ևս ստացվեց հանդիսատեսին հայկական շունչը հենց հայկական երգի միջոցով փոխանցել, իսկ ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ ազգային մշակույթի պահպանումն ու տարածումը՝ կարևոր հանգամանք է համարում:

«Շվեդիայում տեղի ունեցած համերգն իմ մասնակցած միջոցառումներից լավագույններից մեկն էր: Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված մեզ համար, բոլորը բարձր տրամադրություն ունեին, այն տպավորությունն էր ստեղծել, որ կարծես՝ «փոքրիկ Հայաստանում» էինք գտնվում: Հայկական երգերն ունկնդրելու էին եկել տարբեր տարիքի հայ հանդիսատեսներ, որոնք խանդավառությամբ էին հետևում բոլոր կատարումներին»,-ասաց Համլետ Գևորգյանը:

Ինչպես նշում է ՀՀ վաստակավոր արտիստը, Շվեդիայում կայացած համերգից հետո մեկ անգամ ևս համոզվել են, որ Սփյուռքում հայկական երգ-երաժշտության հանդեպ հետաքրքությունը ոչ միայն չի նվազում, այլև՝ գնալով զարգանում և ծաղկում է ապրում: Նրանց ուրախացրել է ինչպես համայնքի կազմակերպվածությունն ու շվեդահայերի հայկական ավանդույթներին կառչած մնալը, այնպես էլ ծնողների՝ իրենց երեխաներին իբրև արժանապատիվ հայ մեծացնելու հավատամքը:

«Արդեն երրորդ անգամ է, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ՝ սփյուռքյան տարբեր համայնքներում ելույթներ եմ ունենում: Մինչ Շվեդիա մեկնելս, համերգային ծրագրով եղել եմ Ավստրալիայում և Կանադայում: Ես բարձր եմ գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության՝ Հայաստան-Սփյուռք մշակութային ամուր կապեր ստեղծելու ուղղությամբ տարվող ջանքերը և հաջողություն մաղթում հետագա ազգապահպան, հայրենանվեր աշխատանքներում»,-զրույցն ամփոփելով՝ նշեց Համլետ Գևորգյանը:

Հավելենք նաև, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգին ներկա են եղել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակության հայրապետական պատվիրակ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը, համայնքային տարբեր կառուցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Համերգին ելույթ են ունեցել նաև հայաստանյան երաժիշտներ Հովիկ Մանուկյանը, Լևոն Տուջարյանը և Մուրադ Մանուկյանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One