Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Photo. Ինսբրուքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման մասին
26.04.16 17:26
Photo. Ինսբրուքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման մասին

Ս.թ. ապրիլի 24-ին Ավստրիայի Տիրոլ նահանգի մայրաքաղաք Իննսբրուքի կենտրոնական Մարիահիլֆ պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը: Հուշարձանը տեղադրվել էր քաղաքային իշխանությունների կողմից՝ իննսբրուքահայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայում և սկանդինավյան երկրներում հայրապետական պատվիրակության աջակցությամբ: 
Հուշարձանի բացմանը նախորդեց քաղաքի ամենամեծ՝ Յաքոբսդոմ կաթոլիկ տաճարում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան Վրդ. Պետրոսյանի կողմից մատուցված սուրբ պատարագը, որին երկրի տարբեր քաղաքներից ժամանած ավստրիահայ համայնքների 500-ից ավելի ներկայացուցիչների հետ մեկտեղ ներկա գտնվեցին Իննսբրուքի քաղաքապետ տիկին Քրիստինե Օփփից-Փլյորերը, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակ եպիսկոպոս Ֆլորիան Հուբերը, նահանգային և քաղաքային խորհրդարանների ներկայացուցիչներ, մեծ թվով հասարակական գործիչներ, լրագրոցներ և այլն: 
Պատարագին և դրանից հետո տեղի ունեցած խաչքարի բացմանը մասնակցեց նաև Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի գլխավորությամբ: Վերջինս, Իննսբրուքի փոխքաղաքապետ տիկին Սոնյա Պիտշայդերի հետ միասին կատարեց հուշարձանի բացումը, ապա խոսքով հանդես եկավ արարողության մասնակիցների դիմաց: 
Երախտիքի խոսքեր ուղղելով Ավստրիայի դաշնային իշխանություններին, Տիրոլի նահանգային և Իննսբրուքի քաղաքային իշխանություններին դրսևորած սկզբունքային և հետևողական քայլերի համար, ՀՀ դեսպանը բարձր գնահատեց ավստրիացիների դերը ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այդպես էլ մարդկության դեմ դեռևս կատարվող հանցագործությունները կանխարգելելու գործում: Այս կապակցությամբ, նա մասնավորապես ասաց. «Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն ընդունեց 100 տարի առաջ իր դաշնակից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի առնչությամբ պատասխանատվության իր բաժինը և կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել այն»: 
Այդուհանդերձ պարոն Կիրակոսյանը կոչ արեց հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և դադարցնել ապագա չունեցող մերժողական քաղաքականությունը. «Մեր ժողովուրդը երբեք մոռացության չի մատնելու իր պատմության ամենասև էջը: Վստահ եմ, որ քաղաքակիրթ աշխարհը այսօրվա պես կանգնած է լինելու հայ ժողովրդի կողքին: 101-րդ տարելիցը ոչ թե ժողովուրդները իրար դեմ հանելու, իրար նկատմամբ ատելություն սերմանելու առիթ պետք է ծառայի, այլ հակառակը՝ խորհրդանշի միմիանց հաշտվելու և հանդուրժելու նոր հանգրվան»: 
«Այս միջոցառումը զուրկ է քաղաքական բնույթից և ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ: Մենք այսօր հարգում ենք զոհվածների հիշատակը: Քանզի միայն միմիանց նկատմամբ հարգանքն ու բարիացակամությունը կարող են պարարտ հող նախապատրաստել քաղաքակիրթ երկխոսության և հարատև խաղաղության համար», եզրափակեց ՀՀ դեսպանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One