Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 24 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.64 AMD
EUR =535.66 AMD
Ես հոգիս եմ դրել դասական երաժշտության մեջ. Դավիդ Հովհաննիսյան
13.08.15 14:30
Ես հոգիս եմ դրել դասական երաժշտության մեջ. Դավիդ Հովհաննիսյան



Ներկայացնում ենք ՛՛Դե ֆակտո՛՛ ամսագրի հարցազրույցը օպերային երգիչ  Դավիդ Հովհաննիսյանի հետ:
-Հարգելի՛ Դավիդ, վերջերս կայացավ Ձեր և աշխարհահռչակ սոպրանո, Իսպանիայի օպերային թատրոնի մեներգչուհի Կարմեն Ակոստայի համատեղ համերգը Երևանում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հետաքրքիր է իմանալ, ունենալով բոլորովին այլ մասնագիտություն` ինչպե՞ս երաժշտությունը մտավ Ձեր կյանք և հիմնովին փոխեց այն:
-Այո՛, ես ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստացել բակալավրի աստիճան, այնուհետև սովորել եմ Կրթության միջազգային ակադեմիայի միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում, և տրամաբանորեն իմ կյանքի ուղին պետք է ընթանար մասնագիտական աշխատանքի անցնելու և դրանում հաջողություններ արձանագրելու ձգտմամբ: Սակայն երգը դեռ վաղ մանկուց ապրում էր իմ մեջ, սիրում էի երգել և լսել ճաշակով երաժշտություն` ջազ, դասական երաժշտություն:
2011թ. իմ մեջ պահանջմունք առաջացավ նյութականացնել իմ սերը դեպի երաժշտությունը, այսինքն` փորձեցի ձայնագրվել, լսել ինքս ինձ, լսեցի մասնագետի կարծիքը, ով ասաց` հանցանք կգործես, եթե չերգես: Այդ ժամանակ երգ ձայնագրեցի, տեսահոլովակ նկարեցի: Կարճ ժամանակ անց ես նույնպես եկա այն գիտակցության, որ երաժշտության աշխարհն իմ աշխարհն է, և ես այլևս չեմ կարող այլ գործունեությամբ զբաղվել: Ես գտել եմ իմը:
2013թ. մեկնեցի Տեներիֆե, ընդունվեցի Տեներիֆեի կոնսերվատորիա, վոկալի բաժին` Կարմեն Ակոստայի դասարան: Այժմ սովորում եմ կոնսերվատորիայի երրորդ կուրսում: Միաժամանակ սովորում եմ ESM (European School of Management) բուհում:
Ինչ վերաբերվում է իմ և Կ. Ակոստայի համատեղ համերգին` ապա իմ առաջարկը նա մեծ սիրով ընդունեց ու ինձ և յուրաքանչյուր հայրենասեր հայի պես սկսեց պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչը ինձ համար շատ կարևոր է: Համերգը հիանալի ընթացք ունեցավ, և նա լավ տպավորություններով վերադարձավ Իսպանիա: Ուրախ եմ, որ իմ առաջին համերգը Հայաստանում նրա հետ տեղի ունեցավ:
-Դուք աշխարհահռչակ երգչուհու սանն եք, հե՞շտ է նրա հետ շփվել:
-Նրա հետ հեշտ է շփվել, աշխատել, քանի որ նա առաջին հերթին լավ ընկեր է, հիանալի ուսուցիչ, մոտիվացիա առաջացնող անձնավորություն է, ինչը շատ կարևոր է ուսման գործընթացում:
-Երբ երաժշտությունը դարձավ Ձեր կյանքում ամենակարևոր ու անբաժանելի երևույթներից մեկը, ի՞նչը փոխվեց:
-Առաջին հերթին փոխվեց հայացքս, պատկերացումս ու վերաբերմունքս կյանքի հանդեպ և հետո նոր մասնագիտությունս: Սկսեցի պայքարել` հաղթահարելով բոլոր դժվարությունները: Ինձ համար հատկապես սկզբում դժվար էր հայրենիքից, հարազատներից հեռու ապրելը, սակայն բոլոր դժվարություններն էլ անցողիկ են, մնայուն են նպատակս և հաջողություններս:
Մեծ հույս ունեմ, որ կվերադառնամ Հայաստան ու կլինեմ այն հայերից մեկը, ով կօգնի իր ներդրումով զարգացնել Հայաստանը:

-Այս տարիների ընթացքում քանի՞ երգ և տեսահոլովակ եք ձայնագրել:
-Ձայնագրել եմ հինգ երգ, երեք տեսահոլովակ: Երգերից երկուսի հեղինակը Քրիստ Մանարյանն է, ով ինձ համար է գրել այդ երգերը` «Իմ հիասքանչ քաղաք», «Իմ Երևան»:
Հիմա նոր նախագծի վրա ենք աշխատում, որը դուետ է լինելու: Բրազիլական երգի հիման վրա նկարահանում ենք տեսահոլովակ: Հուսով եմ` հաջողություն կունենանք:
-Ո՞վ է երաժշտական աշխարհում քո իդեալը:
-Չեմ ուզում կամ փորձում նմանվել որևէ մեկին, սակայն ինձ համար դասական աշխարհում արտիստի իդեալ Լուչանո Պավարոտտին է:
-Ո՞րն է քո գերագույն նպատակը երգարվեստում:
-Ամեն օր աշխատել լինել ավելի լավը, քան երեկ էի, այլ ոչ թե ավելի լավը, քան ինչ-որ մեկը:
-Ուսումդ ավարտելուց հետո կարիերադ կշարունակես Իսպանիայո՞ւմ, թե՞ կվերադառնաս Հայաստան:
-Կյանքն այնքան անկանխատեսելի է, որ դժվար է ասել, սակայն մի բան հաստատ է` ես կարող եմ ապրել այլ երկրում, եթե այնտեղ անելիք ունեմ, և որքան էլ ինձ դուր գա այդ երկիրը, միևնույնն է, կիսով չափ եմ ինտեգրվելու, մի կեսս օտար է մնալու: Մեծ հույս ունեմ, որ կվերադառնամ Հայաստան ու կլինեմ այն հայերից մեկը, ով կօգնի իր ներդրումով զարգացնել Հայաստանը:
-Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք երաժշտական նաև այլ ժանրերում:
-Ես հոգիս եմ դրել դասական երաժշտության մեջ, բայց չեմ ուզում բացառել ոչինչ, շատ հնարավոր է դասական քրոսովեր ժանրում լինեն հետաքրքիր մոտեցումներ, սակայն մինչև ուսմանս ավարտը, ինձ տեսնում եմ միմիայն դասական ժանրում և բեմերում
-Հետաքրքիր է, ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը Հայաստանում և Իսպանիայում:
-Իսպանիայում գնում եմ ծովափ, հանդիպում փոքրաթիվ ընկերներիս, սակայն հիմնականում փորձում եմ կապ հաստատել Հայաստանի իմ ընկերների, հարազատների հետ, համացանցում փնտրում եմ լուրեր Հայաստանի մասին: Իսկ Հայաստանում շատ ընկերներ ունեմ, որոնց հետ հիանալի ժամանակ եմ անցկացնում:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One