Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Հանդիպում «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակիցների հետ
01.08.15 15:23
Հանդիպում «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակիցների հետ

Օգոստոսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակիցներին:

Դասընթացին, որի  նպատակն է աջակցել Սփյուռքի համայնքային կառույցների կայացմանը, հայապահպանական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, համայնքներում ինքնակառավարման նոր գործընթացների ներդրմանը, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի տեղայնացմանը և համայնքային գործի կազմակերպիչների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մասնակցում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Էստոնիայի, Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի հայ համայնքի ղեկավարներ և գործուն անդամներ:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց համայնքային գործի ճիշտ և նպատակային կազմակերպումը՝ որպես ազգային ինքնության պահպանման և զարգացման առանցքային գործոն և կոչ արեց աշխատանքները կազմակերպել նախարարության որդեգրած «ճանաչել, վստահել և գործակցել» սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի ընդլայնել հայրենակիցների հետ տարվող աշխատանքների շրջանակները: «Մեր աշխատանքների նպատակակետը, առանցքը հայապահպանությունն է», - նշեց նախարարը՝ ավելացնելով, որ այս հարցում առաջին սկզբունքը հայերեն խոսելն է և ազգային մշակույթին ու ավանդույթներին կապված լինելը: Նախարարը կարևորեց համայնքային գործի կազմակերպիչների անձնական օրինակը, ինչը մեծապես կնպաստի նրանց հանդեպ հավատի և վստահության ամրապնդմանը, հետևաբար և գործի հաջողությանը:

Այնուհետև դասընթացի մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքային կառույցների, մշակութային և կրթական կազմակերպությունների, ակնառու ձեռնարկների մասին մանրամասն տեղեկություններ` խոսելով նաև առկա խնդիրների և դժվարությունների մասին:

Մասնակիցները նաև իրենց տպավորությունները հայտնեցին դասընթացի վերաբերյալ՝ անելով նաև մի շարք գործնական առաջարկներ, որոնք հիմնականում վերաբերում էին կառավարչական հմտությունների կատարելագործմանը նպաստող դասախոսությունների ընդլայնմանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը մանրակրկիտ անդրադառնալով մասնակիցներից յուրաքանչյուրի հաղորդումներին և ցանկություններին՝ հավաստիացրեց, որ դրանք առաջիկայում լուծումներ կստանան:

Համայնքային աշխատանքներն ավելի նպատակային կազմակերպելու համար նախարարն արեց նաև մի շարք գործնական առաջարկներ` մասնավորապես հորդորելով, որ պահպանեն և զարգացնեն իրենց ծանոթությունը, անընդմեջ կապի մեջ լինեն և լավագույն փորձը հաղորդեն միմյանց: Նա նաև խոսեց ներկայումս հայությանը խորապես մտահոգող սիրիահայության վտանգված ճակատագրի մասին և առաջարկեց համայնքներում քննարկել սիրիահայությանը որևէ կերպ աջակցելու հնարավորությունները:

Խոր երախտագիտություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը այս կարևոր և օգտաշատ ծրագրի իրականացման համար՝ համայնքային գործի կազմակերպիչները հավաստիացրեցին, որ Հայաստանում ձեռք բերված գիտելիքներն ու փորձն առաջիկայում ակնհայտ կդրսևորվեն աշխատանքում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One