Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի փակման արարողությունը
31.07.15 17:20
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի փակման արարողությունը

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությունը: Հուլիսի 9-ից օգոստոսի 1-ը Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպվեցին դասընթացներ հետևյալ վեց ուղղություններով. Հայոց լեզվի արագացված ուսուցում, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման,  Սփյուռքահայ  երիտասարդ  առաջնորդների, Ազգային երգի ու պարի, Սփյուռքի  լրագրողների, Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացներ:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին և հյուրերին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց «Սփյուռք» ամառային դպրոցի ամենամյա դասընթացների դերը հայապահպանությանն աջակցելու գործում: Նախարարը նշեց, որ դպրոցի նպատակներից մեկը օտար ափերում տարբեր մշակույթների ազդեցության պայմաններում գործող  սերունդներին հայ պահելն է, նա մասնավորապես ասաց. «Այս կարճ ժամանակահատվածում դուք ձեռք բերեցիք նոր գիտելիքներ ու հմտություններ, բայց, կարծում եմ, ձեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը նոր ընկերներն են, նոր բարեկամները, ձեր կապերն ու հարաբերությունները աստիճանապար ձևավորում են ազգային զորավոր ցանց, որը պետք է դառնա հայապահպանության երաշխավորներից մեկը: Գիտեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հպարտ է իր հայրենիքով և հեռվում միայն լավ լուրերի է սպասում, բայց այդքանը քիչ է, դուք պետք է ձեր բոլոր հնարավորությունները, գիտելիքները, կապերն ու առնչությունները ներդնեք մեր երկրի  զորացման գործին, որովհետև Հայաստանը համայն հայության Հայրենիքն է»:

Նախարարը՝ անդրադարձավ համազգային հիմնախնդիրներին, նշեց. «Թեև աշխարհասփյուռ հայկական համայնքներում շատ բազմազան ու ինքնատիպ են սակայն պետք է նշել, որ այդ բազմազանությունը մեր հարստությունն է, մենք միասնական պետք է լինենք ազգային  առաջնահերթությունների հարցում, ամեն մեկս մեր երկրում պետք է պայքարի, ջանքեր ներդնի, զորացնի հայրենիքը, ազգովին լուծելու արցախյան հիմնախնդիրը, նպաստելու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, համախմբվելու հայ եկեղեցու շուրջը: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հիշի ու պահանջի,  դառնա հայ դատի պահանջատերը, հայ մշակությի ժառանգորդն ու հայապահպանության, մայրենի լեզվի պահպանման երաշխավորը: Մենք իրավունք չունենք մեր պայքարը միչև վերջ չտանել»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց, որ այսուհետ բոլորը խոսեն հայերեն, միշտ կապված լինեն միմյանց և Հայրենիքի հետ, հաճախ այցելեն Հայաստան:

Նախարարն անդրադարձավ Իրաքում, Սիրիայում, Ուկրաինայում արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու, նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության, համահայկական կառույցների ու բարեգործների իրականացրած ծրագրերին ու աշխատանքներին և ասաց, որ բոլորս պետք է ձգտենք մեր փոքրիկ լուման բերել՝ օգնելու, սատար կանգնելու ծանր իրավիճակներում հայտնված մեր ազգակիցներին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ծրագրի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:

Ներկաներին ողջունեց «Սփյուռք» ամառային դպրոցի ԵՊՀ պատասխանատու Կամո Աթայանը:

Բոլոր ուղղությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային երգերի, պարերի կատարումներով, ասմունքեցին և ներկայացրին իրենց ստեղծագործությունները, իրենց գոհունակությունը հայտնեցին նման կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար:

«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը իրականացնում է 2012 թվականից: Աստիճանաբար մեծանում է ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը, դպրոցը դառնում է Սփյուռքում ամենապահանջված   ծրագրերից մեկը:

2012 թվականին նախատեսված 70 մասնակցի փոխարեն ՝ Ամառային դպրոցն ընդունել է 131 մասնակից՝ 15 երկրից, 2013 թվականին նախատեսված էր 100 մասնակից, մասնակցեցին 201 սփյուռքահայ՝ 20 երկրից, 2014թ. 100-ի փոխարեն՝ 222 սփյուռքահայ մասնակցեց աշխարհի 22 երկրից: 2015թ. Ամառային դպրոցին մասնակցեց 250 սփյուռքահայ:

Ուսումնական, տեսական  և գործնական պարապմունքներին զուգահեռ իրականացվում են  նաև մշակութային միջոցառումների, թանգարաններ այցելությունների, շրջագայությունների, հանդիպումների ծրագիր: 

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One